Դաշնամուր—Վիլյամ Սարոյան։ Վերլուծություն

Նրբագեղ մի պատմվածք է, որն իր մեջ հանդարտություն է պարունակում։

Շատ եմ հավանում Բենի վերաբերմունքը դաշնամուրի նկատմամբ, որը նկատվում է հենց պատմվածքի սկզբում․ ասում է, որ հուզվում է, երբ դաշնամուր է տեսնում։ Ցավոք, նա իրեն շատ էր թերագնահատում, որպեսզի ընդունի այն փաստը, որ բավականին լավ է դաշնամուր նվագում։

Բենը ժպտում էր, և Էմման, նկատելով նրա ժպիտը, մտածեց, թե կարո՞ղ է, արդյոք, երբևէ հասկանալ նրան։ Այդպես կքայլի նրա կողքով մի որոշ ժամանակ, կարծելով, թե հասկանում է, իսկ հետո, օրերից մի օր, կպարզվի, որ չի հասկացել։

Եվ իսկապես այսպես է։ Խոսքս Բենի մասին չէ, այլ ընդհանրապես մեր շրջապատում գտնվող մարդկանց։ Հաճախ մենք շփվում ենք մարդկանց հետ, կարծելով թե լիարժեք հասկանում ենք նրանց, սակայն ամբողջովին հակառակն է։ Ու այս ամենի մասին վկայում է հենց պատմվածքում հաջորդող դեպքերը, երբ Բենը նայում էր դաշնամուրին, իսկ Էմման կարծում էր, թե նա երաժշտություն է վերհիշում։

Այդ հատվածը՝ Բենի հայացքը, ես վերագրում եմ նրան պատած հուզմունքին։ Սերը դաշնամուրի հանդեպ, տենչանքն ու ձգտումը դեպի այն ստեղծում էին այնպիսի զգացմունքներ, որոնք ամփոփել մեկ հուզմունք բառում անիրական է։

Բենը շուրջը նայեց, ստուգելու՝ արդյոք աշխատողները մոտ են գտնվում․ երևի վախենում էր, թե կստիպեն հեռանալ դաշնամուրի մոտից, քանզի այդ պահին արդեն վճռել էր նվագելու փորձ անել։

Ասես իսկական դաշնակահարի ձեռքեր լինեին, և այդ րոպեին մի տարօրինակ զգացում համակեց աղջկան, շուրջն ամեն ինչ արտասովոր թվաց նրան։ Նա հասկացավ, որ իր կողքին կանգնած է մեկը, որը երկար֊երկար ժամանակ է արդեն, ինչ փորձում է մի շատ լավ բան հայտնաբերել իր մեջ։ Բենի նման մարդը պետք է որ կարողանար դաշնամուր նվագել։

Այս հատվածում Սարոյանը ցույց է տալիս հանճարների առանձնահատկությունը, ըստ որի նրանք նման են այն տաղանդի կրողի տիպարին, որը հենց իրենք են։ Ի ծնե էր Բենին տրված այդ տաղանդը, որը թեպետ զարգացնել էր հարկավոր, ինչից նա զուրկ էր, քանզի բավարար գումար չուներ։

Վաճառողուհուն շատ իրական է ներկայացնում, այնպիսին, ինչպիսիք կան։ Նրա մոտենալը Բենին, և խոսքի սկիզբը ակնհայտ փորձ էր ապրանքը վաճառելու։ Սակայն ինձ գրավեց այն հատվածը, երբ վաճառողուհին համոզում էր Բենին մի քիչ էլ նվագել։ Իրա՜վ, նրան նույնպես դուր էր եկել Բենի նվագը։

Leave a comment