Մարդու եւ քաղաքացու իրավունքներ․ նախագիծ

ՀՀ Սահմանադրություն

ԳԼՈՒԽ 2

ՄԱՐԴՈՒ ԵՎ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Առաջադրանք՝

Հոդված 29. Խտրականության արգելքը

Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է:

Նախագիծը իրականացնում են՝ Առաքելյան Օֆելյա, Երեմյան Լուսինե, Ստեփանյան Լիլիթ

Խտրականությունը էապես նման իրավիճակում որոշակի հատկանիշներով օժտված անձանց
նկատմամբ տարբերակված վերաբերմունքի դրսևորումն է՝ առանց որևէ օբյեկտիվ հիմքի կամ
ողջամիտ բացատրության:
Այն դրսևորվում է մարդկանց նկատմամբ անհանդուրժողական վերաբերմունքով նրանց
ռասսայի, մաշկի գույնի, ազգային կամ սեռական պատկանելության, սեռական
կողմնորոշման, քաղաքական կամ կրոնական հայացքների, լեզվի և այլ պատճառներով:
Խտրականությունը գոյություն ունի ամենուր, և, չնայած խտրականության դեմ արգելքն
ամրագրված է միջազգային փաստաթղթերում ու օրենսդրական ակտերում, ուղղակի
խտրականությունը, անուղղակի խտրականությունը, խտրականության հրահրումը,
ենթադրության վրա հիմնված խտրականությունը և ատելության կոչերը շարունակում են
մնալ խտրականության հիմնական տեսակները, և խտրականության շարունակում են
ենթարկվել երեխաները, կանայք, մեծահասակները, հաշմանդամություն ունեցող անձինք,
ազգային և կրոնական փոքրամասնությունները, տարբեր քաղաքական հայացքներ ունեցող և այլ մարդիկ:

Որպես խտրականության պատճառներ կարող են հանդես գալ անձի ռասան, մաշկի գույնը, սեռը, լեզուն, կրոնը կամ դավանանքը, քաղաքական և այլ համոզմունքները, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումը և դրությունը, քաղաքացիությունը, առողջական կարգավիճակը,
հաշմանդամությունը, տարիքը, սոցիալական, ընտանեկան կամ ամուսնական կարգավիճակը,
զբաղվածության բնույթը, սեռական կողմնորոշումը, գենետիկական հատկանիշները կամ որևէ
այլ հանգամանքներ:

Խտրականության հետևանքով մարդիկ հնարավորություն չեն ունենում լիարժեք կերպով
օգտվել սեփական իրավունքներից և ազատությունից կամ իրագործել դրանք:

Խտրականությունը ազդում է հասարակության լայն շերտերի վրա, ինչն էլ հանգեցնում է
նախապաշարմունքի կամ կանխակալ վերաբերմունքի ձևավորմանը:

Ուղղակի
խտրականություն

Սա խտրականության առավել բացահայտ և
տարածված տեսակն է։ Ուղղակի խտրականությունը
ներառում է որոշում, գործողություն կամ
անգործություն, որն ուղղված է կոնկրետ անձի կամ
անձանց խմբի դեմ և որոնց արդյունքում անձը հայտնվում է նվազ բարենպաստ
իրավիճակում այլ անձանց համեմատ։ Խտրականության այս տեսակի հիմնական
հատկանիշն այն է, որ գործողությունը կամ անգործությունը ուղղված է կոնկրետ անձի կամ
խմբի դեմ և ուղղակիորեն իրավական հետևանք է առաջացնում։

Անուղղակի
խտրականություն

Անուղղակի խտրականությունը ուղղակի
խտրականությունից տարբերվում է նրանով, որ
կիրառվում է ոչ թե կոնկրետ անձի, այլ բոլորի
նկատմամբ և տվյալ անձի նկատմամբ կիրառվում է
առերևույթ չեզոք կերպով։ Անուղղակի խտրականություն կարող է համարվել օրենքը,
քաղաքականությունը, պայմանը, գործողությունը, անգործությունը, պրակտիկան, որոնց
կիրառման դեպքում կոնկրետ անձը կամ անձանց խումբը զրկվում է որոշակի
իրավունքներից կամ արտոնություններից։

Հետապնդում

«Հետապնդումը» անձի նկատմամբ ցանկացած
անցանկալի վերաբերմունք է, որի արդյունքում նրա
շուրջ ստեղծվում է կամ որի նպատակն է նրա շուրջ
ստեղծել ոչ բարյացակամ, մերժողական, թշնամական,
նվաստացուցիչ, վիրավորական միջավայր, որի արդյունքում նվաստացվում է անձի արժանապատվությունը պաշտպանված հատկանիշերից որևէ մեկով։ Նշված ձևակերպումից բխում է, որ դիտավորության առկայությունը կարևոր չէ։ Ավելին, կարևոր չէ, որ
գործողությունները ուղղված լինեն տվյալ անձի նկատմամբ։ Ցանկացած դեպքում եթե անձը գտնում է, որ իր շուրջ ծավալված (թեկուզ և նրան չուղղված) անցանկալի վերաբերմունքից, զարգացումներից վիրավորվում է իր արժանապատվությունը, կամ նրա շուրջ ստեղծվում է վերը նկարագրված միջավայրը, նա կարող է պնդել, որ ենթարկվում է հետապնդման։ Այսինքն` հետապնդման օբյեկտիվ հատկանիշի շեմը շատ ցածր է, և պաշտպանության միջոցի մեկնարկը անձի ընկալումն է։

Սեռական
ոտնձգություն

Ի տարբերություն հետապնդման` սեռական
ոտնձգությունը պետք է ուղղված լինի կոնկրետ անձի
դեմ և կատարված լինի գենդերային հատկանիշով
պաշտպանված հատկանիշի հիման վրա։ Սեռական ոտնձգությունը կարող է դրսևորվել խոսքով, ֆիզիկական եղանակով կամ գրավոր, որն ուղղված է կամ որի արդյունքում անձը կարող է վիրավորվել, նվաստացված զգալ, ստորացվել կամ վախենալ։ Մեկ անգամ
կատարված ակտը արդեն բավարար է սեռական ոտնձգություն պնդելու համար. անհրաժեշտ
չէ, որ նման ակտը կրկնվի։

Վիկտիմիզացիա

Վիկտիմիզացիան անձի նկատմամբ բացասական
հետևանքներ առաջացնող գործողություն կամ
անգործություն է, որը կատարվում է զուտ այն
պատճառով, որ տվյալ անձն իր իրավունքները
պաշտպանելիս դիմել է իրավական պաշտպանության որևէ միջոցի կամ ներկայացրել է
խախտումների մասին տեղեկատվություն իրավասու պետական կամ այլ մարմինների՝ այդ
թվում նաև խտրականության մասին։ Խտրականության նշված եղանակը հաճախ տեղի է
ունենում աշխատատեղում։ ՀՀ իրավական համակարգում վիկտիմիզացիա հասկացությունը
սահմանված չէ։ Դա էապես դժվարացնում է նման խախտման դեմ իրավական
պաշտպանությունը։

Սեգրեգացիա

Սեգրեգացիան ցանկացած գործողություն է կամ
անգործություն (այդ թվում՝ կառուցակարգ,
պրակտիկա), որով ֆիզիկական կամ իրավաբանական
անձինք առանձնացվում, տարբերակվում ու
արդյունքում մեկուսացվում են այլ անձանցից` պաշտպանված հատկանիշներից որևէ մեկով։
Առավել հաճախ պատահում է ռասայական հիմքով սեգրեգացիա։ Սեգրեգացիան որպես կանոն ասոցացվում է ռասիզմի և ատելության խոսքի հետ։ Հետևաբար, հայցվորը կարող է օգտվել իրավական պաշտպանության այն եղանակներից, որոնք նախատեսված են ռասիզմի,
ատելության խոսքի համար։

Ինչպես պայքարել խտրականության դեմ

Միջազգային կոնվենցիաների վավերացումը, համապատասխան օրենքների ընդունումը
խտրականության դեմ պայքարի առաջին քայլերն են: Սակայն վերոնշյալ փաստաթղթերն
ունեն նվազագույն արդյունավետություն, եթե չեն կիրառվում գործնականում:
Խտրականության կանխարգելման համար պետք է դրսևորել քաղաքական կամք և ունենալ
աջակցություն հասարակության լայն շերտերի կողմից: Այս առումով կարևոր է
հասարակական կազմակերպությունների և նախաձեռնությունների, ինչպես նաև ԶԼՄ-ների
դերը։

Գրականություն՝

Ռասայական խտրականություն
Խտրականության փորձագիտական ընկալումները Հայաստանում
Իրավական պաշտպանության եղանակները խտրականության գործերով

Leave a comment